Հասարակությունը, իրավունքը, իշխանությունը չեն համապատասխանում Սահմանադրությանը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը`խոսելով Սահմանադրության հանրաքվեի շուրջ:
Նա ցավով նշեց, որ ունենք օրենքներ, սակայն ապրում ենք հակառակ դրանց: «Հակասում ենք այն բովանդակությանը, ինչ ընդունել ենք»,- նշեց Ա. Բախշյանը`գնահատելով իրավիճակն այնպես, ինչպես որ կա: Նրա համոզմամբ` կյանքը, հասարակությունը, իրավունքը, իշխանությունը հակասում են Սահմանադրությանը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ Սահմանադրությամբ ամրագրված իշխանությունների տարանջատումը չի կայանում, արդարադատությունն անկախ չէ, Աժ-ն ՀՀ կառավարությունից անկախ չէ:
Նշենք, որ վեց տարի առաջ`2005 թվականի նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: