8 տարի շարունակ Հայաստանում ՍՓԻԹ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազատազրկաման վայրերում գտնվող քաղաքացիները խոշտանգումների առումով մեծ վտանգի տակ են: Լինի դա բանտերում, ոստիկանական բաժանմունքներում, թե հոգեբուժարաններում: Սակայն հիմնականում վտանգավոր են ոստիկանական բաժինները: ՍՓԻԹ-ն այս տարի Հայաստան այցելել է մայիսին, ավելին՝ իր հաշվետվությունը արդեն ներկայացրել է կառավարությանը, սակայն կառավարությունը այն դեռ գաղտնի է պահում: Այս մասին այսօր հրավիրված սեմինարի ընթացքում տեղեկացրին ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները: Նրանք ավելացրեցին, որ խոշտանգումները կանխարգելելու համար ՍՓԻԹ-ն առաջարկում է, որ յուրաքանչյուր երկիր ունենա իր վարվեցողության կանոնները, թե ինչպես պետք է անցկացնել հարցաքննությունը: Բնականաբար, հարցաքննության նպատակը խոստովանանքն է, սակայն այդ մշակույթը շատ վտանգավոր է, քանի որ հաճախ հանգեցնում է խոշտանգումների: Արդյունքում խոստովանքի են գնում մարդիկ, ովքեր հանցագործության հետ որևէ կապ չեն ունեցել: Առաջին հայացքի խնդիրը թեև դժվար հաղթահարելի է թվում, բայց ցանկության առկայության դեպքում այն կարելի է հաղթահարել: