Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին.
«Ես մշտապես ժողովուրդների միջև բարեկամության կողմնակից եմ հանդիսացել։ Եթե ուղղափառ երկրները միավորվեն, ապա դա լուրջ քայլ կլինի ողջ աշխարհի համար։ Վրաց պատրիարք Իլյա 2-րդի մոսկովյան այցը նպատակ էր հետապնդում կարգավորել երկու երկրների հարաբերությունները։ Վրաստանի համար շատ կարևոր են Ռուսաստանի՝ որպես գործընկերոջ և ապագա դաշնակցի հետ հարաբերությունները։
Ես ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնել։ Հուսով եմ, որ երկրում իշխանության կգա ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, որը կկարգավորի Ռուսաստանի հետ հարաբերություններն ու կմիավորի երկիրը։ Նա լավ գիտի թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան։ Կարող է այնպես պատահել, որ Վրաստանը դառնա Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը»։
Հիշեցնենք, որ Շևարդնաձեն հայտնի է իր ռուսամետ հայացքներով և շարունակ դատապարտում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հակառուսական հայտարարությունները։ Բացի այդ, նա Իվանիշվիլիին համարում է Վրաստանի փրկիչ։