Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի և Թուրքիայի միջև գործող ոչ անցագրային ռեժիմն առավել է պարզեցվում, և այսուհետ թուրք-վրացական սահմանի հատման ու տվյալ երկրում շրջելու համար անհրաժեշտ չէ ոչ միայն անցագիր, այլև միջազգային անձնագիր։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինս նշել է. «Դեկտեմբերի 10-ից սկսած՝ երկու երկրների քաղաքացիները կարող են թուրք-վրացական սահմանը հատել միջազգային չափորոշիչներին համապատասխան փաստաթղթի միջոցով։ Խոսքը նոր՝ երկլեզու ինքնության վկայականի մասին է, որն արդեն իսկ գործում է Վրաստանում։ Նույն օրվանից սկսած՝ երկու երկրների նավաստիներն ու օդաչուները կարող են միջպետական սահմանը հատել իրենց ծառայողական փաստաթղթերով»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ու Վրաստանի միջև անցագրային ռեժիմի վերացումը սկսել է գործել 2006 թվականի սկզբից։ Ըստ դրա՝ երկու երկրների քաղաքացիները կարող են արտասահմանյան անձնագրերով հատել միջպետական սահմանը և առանց անցագրի տվյալ երկրում գտնվել 90 օր։