ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանին «Առաջին լրատվական»-ը հարց ուղղեց ուրբաթ օրը Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ համագործակցության գնալու վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ: Մասնավորապես, Խաչիկ Հարությունյանին հարցրինք` հավատո՞ւմ է արդյոք ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության հնարավորությանը:
«Իրական չեմ համարում նման համագործակցությունը»,- նշեց ՕԵԿ-ական պատգամավորը: Մեր հարցին` ինչո՞ւ, նա պատասխանեց. «Իրական չեմ համարում, որովհետև ինձ թվում է` դա հերթական շոու է, հասարակության ուշադրությունը գրավելու միջոց ՀԱԿ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Ուրիշ ոչ մի նպատակ, իմ կարծիքով, չեն կարող հետապնդել այդ հայտարարությունները, որովհետև վստահ եմ, որ իրենք էլ են գիտակցում` դա իսկապես անհնարին է: Այդ համագործակցությունը հնարավոր չէ: Համոզված եմ, որ այն կյանքի չի կոչվի»,- նշեց Խաչիկ Հարությունյանը: