Ռուսաստանցի սենատորները վավերացրել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը,- հայտնում է РИА Новости-ն: Համաձայնագիրը նպատակամղված է ՀԱՊԿ-ի շրջանակներում անվտանգության՝ գոյություն ունեցող և հնարավոր սպառնալիքներին արագ հակազդման մեխանիզմի ստեղծմանը, ինչպես նաև այդ մարտահրավերներն ու սպառնալիքները դիմագրավելու նպատակով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ջանքերի միավորմանը:
ՀԱՊԿ-ի երկրները ՕՀՀՈՒ-ի ստեղծման վերաբերյալ որոշման նախագիծը համաձայնեցրել և ստորագրել են 2009 թ. փետրվարին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարարությունների դեսպան Իգոր Լյակին-Ֆրոլովը, ՀԱՊԿ-ի ՕՀՀՈՒ-ի ընդհանուր թվաքանակը շուրջ 20 հազար է, որի մոտ կեսը ռուսաստանցի զինծառայողներ են: Նա Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի քննարկմանն էր ներկայացրել «ՀԱՊԿ-ի ՕՀՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին» դաշնային օրենքը: «ՀԱՊԿ-ի ՕՀՀՈՒ-ի ընդհանուր թվաքանակը շուրջ 20 հազար Է, որոնցից մերոնք 9508-ն են»,- ասել է Լյակին-Ֆրոլովը: