Այսօր Մոսկվայում` Միգրացիայի դաշնային ծառայության շենքի մոտ տեղի է ունեցել «Ես էլ եմ տաջիկ, ինձ էլ արտաքսեք» ակցիան, որն ուղղված է եղել Ռուսաստանից տաջիկ միգրանտներին արտաքսելու դեմ։
Ակցիայի մասնակիցները լվացել են շենքի պատուհանները եւ մաքրել դեպի շքամուտք տանող ճանապարհը։ Այսինքն նրանք կատարել են այն աշխատանքը, որը Ռուսաստանում հիմնականում անում են տաջիկ միգրանտները։
«Ինտերֆաքս»–ը հայտնել է, որ, ըստ կարգը պահպանող ոստիկանների, բողոքի ակցիայի մասնակիցներից ոչ մեկն ազգությամբ տաջիկ չի եղել։
Ձերբակալվել են հինգ ցուցարարներ։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նրանք անարխիստական խմբավորման անդամներ են։
Տաջիկ միգրանտների արտաքսումը Ռուսաստանից սկսվել էր այն բանից հետո, երբ Տաջիկստանում ազատազրկման են դատապարտվել երկու՝ ռուս և էստոնացի օդաչուներ։ Սակայն Տաջիկստանի դատարանը մի քանի օր առաջ երկուսին էլ ներում է շնորհել։