ՀՀ բնապահպանության նախարարությունը կազմում և ներկայացնում է նախագծեր կառավարությանը`հաշվի չառնելով հասարակության կարծիքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բնապահպանության ոլորտում գործող իրավաբան Մերի Խաչատրյանը`խոսելով ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագիծի շուրջ: Մերի Խաչատրյանը նշեց, որ երեկ Բնապահպանության նախարարությունում հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել և որոշվել է, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ` նոյեմբերի 28-ին քննարկվի նախագիծը:
Ըստ իրավաբանի` նախարարությունը խախտում է կառավարության հանրային քննարկումներ անցկացնելու ընթացակարգը: «Մինչ որևէ որոշում ընդունելը հանրային քննարկումներ պետք է անցկացվեին, որտեղ շահագրգիռ հասարակության կարծիքը և նրանց բազմաթիվ առաջարկությունները պետք է հաշվի առնվեին: Այսինքն` չլսելով նրանց ձայնը և կարծիքը, որը պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ, ԱԺ իրավական փորձաքննության վարչությունը տալիս է դրական փորձաքննություն»,- մեկնաբանեց Մ. Խաչատրյանը` հավելելով, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քննարկելու են այդ օրենքն օրակարգ ընդգրկելու հարցը:
Որպես իրավաբան՝ Մերին բացատրեց, որ նոր օրենքն ընդունվում է երեք ընթերցմամբ, իսկ օրենքում փոփոխությունները կարելի է միանգամից ընդունել: Նա կարծում է, որ այս փոփոխությունները կընդունվեն «Ընդերքի մասին» օրենքի հետ միաժամանակ: «Բնապահպանական կազմակերպություններն ունեն բազմաթիվ առաջարկներ, որոնք պետք է հաշվի առնվեն»,- կարծում է իրավաբանը: Ըստ նրա`օրենքում բացակայում է տնտեսական վնասի գնահատումը, որն ամենագլխավորն է: Բացակայում է փորձաքննության եզրակացության համար պատասխանատվության ենթարկելու մասը, նաև հանրությանը ծանուցելու ընթացակարգը: