Այսօր անցկացված «Նորարար ուսուցիչներ» հայաստանյան երկրորդ ֆորումի ընթացքում Microsoft հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը կարևորագույն փաստ է մեր այսօրվա կյանքում.«Հայաստանյան դպրոցներում կան մանկավարժներ, որոնք կիրառում են տեղեկատվական տեխնոլոգիաները, և ֆորումի նպատակն է երևան հանել այդ դրական փորձը և օգտագործել ողջ Հայստանի դպրոցներում: Անցյալ տարվա համեմատությամբ 6 անգամ ավելացել է նախագծերի թիվը` հասնելով 60-ի: Սա շատ ուրախացնող փաստ է»: Բարսեղյանը բոլորին ցանկացավ արդյունավետ աշխատանք և խոստացավ, որ այս միջոցառումը շարունակական բնույթ կկրի և կանցկացվի ամեն տարի:
ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կարևորեց տեղակատվական տեխնոլոգիաների կիրառումը դպրոցներում.«տեղեկատվական տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք, կրթության ոլորտ անխուսափելի է: Ինչպես ցանկացած նորարարության հարցում, այստեղ էլ չպետք է մոռանանք վտանգների և օգուտների մասին: Մենք չենք կարող հին համակարգում նոր տեխնոլոգիաներ կիրառել: Նորարությունը պետք է կիրառվի նորարարական ոգով»: