ՀԱԿ երեկվա հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի համագործակցության բացահայտ առաջարկը ԲՀԿ-ին նպատակ ունի կոալիցիոն ուժերի միջև սեպ խրել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
«Այս ակնարկը Լևոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ է: Ինքը փորձում է ինչ-որ խնդիրներ տեսնել կոալիցիայի մեջ և քայլեր կատարել կոալիցիայի մեջ ենթադրյալ պառակտումն ավելի խորացնելու համար. շեշտում եմ՝ ենթադրյալ պառակտում: Բայց, ցավոք սրտի Լևոն Տեր-Պետրոսյանի համար, կոալիցիան մինչ օրս գործում է, մինչև այսօր կա կոալիցիոն Ազգային ժողով և կոալիցիոն կառավարություն: Վաղը, մյուս օրը, մեկ ամսից, ընտրությունների ժամանակ ի՞նչ կլինի՝ ցույց կտա կյանքը: Տեսնելով, որ հասարակությունը այն վստահությունը չունի իր հանդեպ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ՀԱԿ-ին ճգնաժամից դուրս բերելու այլ ուղիներ գտնել, փակուղու մեջ հայտնված իրավիճակից դուրս գալու առաջարկներ անել, մանևրել»,- նկատեց Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ մամուլը ՀԱԿ երեկ կայացած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի համապատասխան հատվածը հակված է դիտարկել որպես ԲՀԿ հետ համագործակցության բացահայտ առաջարկ: