ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-20-ը Իտալիայի Պաեստում քաղաքում` հայտնի հնագիտական տեսավայրում, տեղի է ունեցել Հնագիտական զբոսաշրջության միջերկրական XIV-րդ ցուցահանդես-տոնավաճառը։
Տոնավաճառում ներկայացված էր նաև Հայաստանի տաղավարը՝ Իտալիայում ՀՀ դեսպանության մասնակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Իտալիայի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող ամենամյա միջոցառմանը մասնակցել են 200-ից ավելի հնագիտական զբոսաշրջության ընկերություններ 22 երկրներից:
ՀՀ-ի տաղավարում Հայաստանի հարուստ պատմամշակութային և հնագիտական ժառանգությունից բացի՝ ներկայացված էին Հայ գրատպության 500-ամյա հոբելյանի շրջանակում կայանալիք միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական նյութեր:
Ցուցահանդեսի ավարտին Հնագիտական զբոսաշրջության տնօրինությունը պաշտոնապես հաստատել է ՀՀ դեսպանության հետ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը, որ հաջորդ XV-րդ ցուցահանդեսին Հայաստանին կշնորհվի պաշտոնական հյուրի կարգավիճակ, ինչը կընձեռի մասնակցության ավելի ընդլայնված հնարավորություններ։