Ինչպես հայտնում է լիտվական Delfi կայքը, այդ երկրում գործող Baltijos informacinės sistemos ընկերությունը հաջորդ տարի պետք է զբաղվի հայկական ատոմակայանի արդիականացման աշխատանքներով: Այդ գործարքի գինը կկազմի 3,45 մլն լիտ (մոտ կես միլիարդ դրամ):
«1976 թ. Ռուսաստանի կողմից Հայաստանում կառուցված ատոմակայանում գոյություն չունեն վթարային դադարեցման պահուստային վահանակ և հետվթարային մոնիտորինգի համակարգ: Մեր խնդիրն է ներդնել այդ համակարգերը, որպեսզի ատոմակայանը համապատասխանի ժամանակակից ատոմակայանների համար սահմանված անվտանգության պահանջներին»,- ասել է լիտվական ընկերության ղեկավար Կաստիտիս Բուտկուսը:
Այս փորձը թույլ կտա հետագայում նմանատիպ աշխատանքներ իրականացնել ԱՊՀ մյուս երկրներում նույնպես:
«Մենք ունենք հաճախորդներ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, սակայն, իմ կարծիքով, ԱՊՀ շուկան այնպիսին է, որ շատ բան կարող ենք անել: Մենք նախատեսում ենք հետագայում էլ աշխատել այս տարածաշրջաններում։ Այսօր խոսքը Ղազախստանի, Ադրբեջանի և ԱՊՀ այլ երկրների մասին է»,- նշել է Բուտկուսը:
Սրանից կարելի է եզրակացնել, որ երկար տարիներ ատոմակայանի վերանորոգման աշխատանքներ իրականացնող ռուսական ընկերություններն այս անգամ չեն մասնակցի վերանորոգման աշխատանքներին: