«Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները ռուսներից խնդրում էին այդ 500 մլն դոլարը` չունենալով այն ծախսելու որևէ ծրագիր: Միայն այն, որ այդ 500 մլն-ից «Հայռուսգազարդ» ընկերությանը իրենք վարկ տրամադրեցին, ցույց է տալիս, որ իրենք կոնկրետ ծրագիր չունեին»,- մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը` մեկնաբանելով ռուսական վարկը ծախսելու վերաբերյալ Газета.ру-ի հրապարակած տեղեկությունը: Նա չհամաձայնեց վարչապետի այն մտքի հետ, թե բիզնեսին ուղղված 235 մլն դոլարի վարկերի վերադարձելիության հետ կապված Հայաստանը խնդիր չի ունենա: «Հայաստանում վարկերի վերադարձելիության հետ խնդիրներ արդեն կան: Իսկ այն բացատրությունը, թե այդ վարկերը տրվել են արտահանման, տուրիզմի ու փոքր բիզնեսի ոլորտում գործող ընկերություններին, իրականությանը չի կարող համապատասխանել, քանի որ մեզ մոտ ո՛չ արտահանմանն ուղղված տնտեսությունն է զարգացել, ո՛չ փոքր բիզնեսը, ո՛չ էլ միջին բիզնեսը: Սրանք պարզապես գումարների էին` իրավիճակից դուրս գալու համար, որոնք ուղղվեցին գերազանցապես շինարարությանը, ինչն արդյունավետ չէր: Ինչ վերաբերում է նրան, որ արտաքին պարտք/ՀՆԱ 40% հարաբերակցությունը թույլատրելի է, ապա նշեմ, որ սա բավականին բարձր տոկոս է և Հայաստանի նման տնտեսության կառուցվածք ունեցող երկրի համար շատ վտանգավոր թիվ է՚,- ասաց Վ. Խաչատրյանը: