Ինչպես հաղորդում է ամերիկյան The Los Angeles Times թերթը, Լոս Անջելեսի հայերն արշավ են սկսում «Լոս Անջելես լեյքերս» թիմի հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի դեմ, քանի որ նա պայմանագիր է ստորագրել Թուրքական ավիաուղիների հետ. հայ համայնքը պահանջում է նրանից դադարեցնել այդ պայմանագիրը: Այս մասին թերթին ասել են Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ԱՄՆ գրասենյակից:
«Turk Hava Yollari AO» ընկերությունը, որն ավելի հայտնի է Turkish Airlines անվանումով, «Լեյքերսի» խաղացողի հետ ստորագրել է պայմանգիր, որով Բրայանտը դարձել է այդ ընեկրության «համաշխարհային բրենդային դեսպանը»` գովազդելով Լոս Անջելեսից Ստամբուլ ուղիղ չվերթները:
Թերթը հիշեցնում է, որ վերջերս Քիմ Քարդաշյանն է սկսել Ցեղասպանության ճանաչման ակտիվ քարոզչությունը:
Թերթը նաև նշում է, որ Turkish Airlines ավիաընկերությունը այնպիսի հայտնի թիմերի հովանավորն է, ինչպիսիք են «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: