Մամուլի ազգային ակումբի և ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի հրավիրած քաղաքական քննարկման թեման էր «Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթությունը. ձևավորման սկզբունքները և հարցադրումների առաջադրման ընթացակարգը»։ Քննարկմանը մասնակցում էին ՀՌԱԿ, ՀՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Նոր ժամանակներ» կուսակցությունների ներկայացուցիչները: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ քաղաքական համակարգի օրակարգի ձևավորումը հասարակական և քաղաքական դաշտում է: Ըստ Արտակ Դավթյանի՝ քաղաքական օրակարգի ձևավորման վրա ազդում են ԼՂՀ խնդիրը, Ցեղասպանության հարցը և հայ-թուրքական հարաբերությունները: «Մեկ երկու ամիս առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել Weakileaks-ի բացահայտումները, և դժվար է ասել, թե այդ բացահայտումներից հետո ինչ է մեզ սպասվում»,-ասաց Արտակ Դավթյանը: Քաղաքական օրակարգում նա կարևորեց նաև ՀԿ-ների մասնակցությունը, որոնք անընդհատ բարձրացնում են լեզվի հարցը: