News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի մամլո քարտուղար Մանանա Մանջգալաձեն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կայցելի նոյեմբերի 29-30-ը։
Վրացական լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պետք է Վրաստան այցելեր դեռևս նոյեմբերի սկզբին, սակայն մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ՝ Սարգսյանն իր այդ այցը հետաձգեց Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արած այն հայտարարության պատճառով, որում վերջինս հայկական կողմին մեղադրել էր հայ-վրացական սահմանի մոտ տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման հարցում օպերատիվ չաշխատելու մեջ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Սաակաշվիլին անուղղակիորեն քննադատել էր Հայաստանի պետական ապարատը՝ հայտարարելով. «Հայ-վրացական սահմանին տեղի ունեցած ողբերգական դեպքի (սողանք) արդյունքում զոհվել են մեր մի քանի քաղաքացիներ, ինչը շատ ցավալի փաստ է։
Վրաստանի մի քաղաքացի՝ վարորդ, որն այստեղ հողին է հավասարեցնում մեր կառավարությանը, այնտեղ՝ Հայաստանում, հեռուստախցիկների առջև հայտարարում է. «Եթե մեր կառավարությունը լիներ, մի՞թե երկու ժամում չէր մաքրի այդ փլվածքը։ Տեսե՛ք, թե որքան ժամանակ էր անցել, սակայն ոչ ոք չէր եկել՝ ճանապարհը մաքրելու»։
Ես չեմ ցանկանում որևէ վատ բան ասել Հայաստանի հասցեին, նրանք մեր ընկերներն են։ Սակայն Ռամազ Նիկոլաիշվիլին (Վրաստանի ենթակառույցների ու տարածաշրջանային զարգացման նախարար.- 1in.am) մի քանի ժամում դրանից ավելի բարդ իրավիճակում է լուծում գտել։ Մինչդեռ Հայաստանում դրա համար պահանջվել է գրեթե երկու շաբաթ։ Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ պետական ապարատ ունենալը»։