Վաղուց եկել է ժամանակը, որ մշակութային դաշտում քայլեր անելիս մտածենք` ինչ, ինչպես և ինչու ենք անում, այլապես անիմաստ միջոցառումներից ու փառատոներից հոգնել ենք: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը`խոսելով «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնի մասին:
«Ուրախ եմ, որ փառատոնը կայացավ, դրա մասին վկայում էին լեփ-լեցուն դահլիճները: Ակնհայտ է, որ փառատոնը ստեղծագործող երիտասարդների համար մրցակցային դաշտ է բացում, ուր նրանք, բուհն ավարտելուց հետո, կարող են հավաքվել և լավ ներկայացումներ կազմակերպել:
«Գիսանեն», կարծում եմ, ոչ մեկին չի խանգարի, այլ միայն կլրացնի: Առհասարակ, հայաստանյան փառատոները շատ են, սակայն ինձ համոզիչ են թվում միայն «Հայֆեստն» ու «Իքս» փառատոնը: Սա կլինի երրորդը` երիտասարդական ուղղվածությամբ:
Այս փառատոնում կընտրվեն լավագույնները, ովքեր էլ կուղարկվեն` մասնակցելու միջազգային այլ փառատոների: Կարծում եմ` մյուս տարի փառատոնը նորովի հանդես կգա: Այն բաց կլինի բոլոր ձևաչափերի համար` և կինո, և թատրոն: Փառատոնի ժամկետները ևս կփոխվեն` այն տեղի կունենա մարտի 20-31-ը, կլինեն ժյուրիի անդամներ, փառատոնը բացողներ և այլն:
Ուզում եմ գոհունակություն հայտնել, որ «Գիսանեն» կայացավ: Սա հնարավորություն է` երիտասարդներին փորձելու, սխալվելու և լավ ներկայացումներ անելու»,- նկատեց Արմեն Մազմանյանը:
Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի նախագահ Լևոն Իվանյանն իր հերթին նկատեց, որ փառատոնին ներկայացված են երիտասարդական ավյունով բեմադրված ամենատարբեր ներկայացումներ:
«Մեր ակնկալիքներն արդարացան, սպասում էինք առավելապես խակ աշխատանքների, սակայն բոլոր աշխատանքներն էլ շատ տպավորիչ և ինտելեկտուալ էին»:
Լավագույն ներկայացում անվանակարգում «Կյանքի հինգ կարևոր մասնիկներ» ներկայացման համար մրցանակ ստացավ Անի Աբրահամյանը:
Թատերական փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի անդամ Նազենի Հովհաննիսյանն էլ նշեց, որ «Գիսանեն» ասպարեզ է տրամադրում նորելուկներին, նրանց, ովքեր մինչ այժմ սեփական արվեստը ներկայացնելու հնարավորություն չեն ունեցել:
Նշենք, որ «Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը տեղի է ունեցել նոյեմբերի 10-21-ը:











































