Լիբիայի վարչապետ Աբդալ Ռահիմ Ալ-Քիբը ձևավորել է երկրի ժամանակավոր կառավարությունը:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարությունում ունեցած աղբյուրներին, պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու է Ուսամա Ալ-Ջուվալին, որը քաղաքացիական պատերազմի ժամանակ Զինտանում ղեկավարել էր ապստամբների զորքերը: Լիբիայի արտաքին գործերի նախարարությունը գլխավորելու է ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցչի նախկին տեղակալ Իբրահիմ Դաբախին: Ալի Թարխունին` նավթի նախկին նախարար, ստանձնելու է ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ նավթի նոր նախարար է նշանակվելու Հասան Զիգլամը, որը նախկինում աշխատել է նավթարդունաբերության բնագավառում:
Սպասվում է, որ կառավարության ամբողջական կազմը պաշտոնապես կներկայացվի նոյեմբերի 22-ին: Ավելի վաղ Ալ-Քիբը հայտարարել էր, որ կառավարության մեջ, որի կազմը նա ընտրել է ԱԱԽ-ի ղեկավարության հետ, կմտնեն երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչները:
Նոր կառավարությունը երկիրը ղեկավարելու է մինչև անցումային շրջանը, երբ Լիբիայում կձևավորվեն իշխանական նոր ինստիտուտներ: Գալիք յոթ ամիսների ընթացքում, ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, Լիբիայի ժողովուրդը ընտրելու է Ազգային խորհուրդ, որը զբաղվելու է երկրի Սահմանադրության ստեղծմամբ, որից հետո անցկացվելու են համընդհանուր խորհրդարանական ընտրություններ:










































