BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան հավելյալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ։ Դրանցով կասեցվում է Իրանի հետ երկրի ֆինանսական ու վարկային հաստատությունների ամեն տիպի գործարար կապեր ունենալը։
Նոր պատժամիջոցների համաձայն՝ երեկ՝ լոնդոնյան ժամանակով ժամը 15.00-ից սկսած, բրիտանական բանկերը պարտավորվում են սառեցնել իրենց իրանական գործընկերների, ներառյալ Իրանի Կենտրոնական բանկի հետ ամեն տիպի օպերացիաները։
Նշվում է, որ որևէ երկրի բանկերի հետ հարաբերությունների խզման մասին որոշումն աննախադեպ է բրիտանական իշխանությունների համար։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ իրենց այդ քայլը պայմանավորված է այն հիմնական կասկածների աճով, որ իրանական բանկային հատվածն ակտիվորեն ֆինանսավորում է այդ երկրի միջուկային ծրագիրը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին ԱԷՄԳ-ի ղեկավար խորհուրդը ձայների մեծամասնությամբ (35-ից 32 կողմ) ընդունած բանաձևում իր անհանգստությունն էր հայտնել Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ։










































