Եվրասիական կառույցի հիմքում դրված է այն հանգամանքը, որ միանում են ընդհանուր սահմաններ ունեցող պետությունները: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, և՛ Բելառուսը, և՛ Ղազախստանն ընդհանուր սահմաններ ունեն Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանը նման սահման չունի: Ցանկացած միության հետ առնչվելու համար, պետությունը պետք է ունենա սեփական հստակ քաղաքականություն, և դրանից հետո միայն որոշի՝ համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ. եթե համագործակցում է, ապա ի՞նչ կարգավիճակով, ի՞նչ հարցերի շուրջ և այլն:
«Մեր ցավը կայանում է նրանում, որ մենք՝ որպես պետություն, չունենք ռազմավարական թիրախներ: Օրինակ՝ 2-4 տարի հետո ինչ Հայաստան ենք ուզում ունենալ: Այս դեպքում անիմաստ է խոսել որևէ միության անդամակցելու շուրջ»,- ասաց Հ. Մեսրոբյանը:
Նրա կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելն անպատճառ հակասություն կառաջացնի ԵՄ անդամակցության հետ. «Ցանկացած միություն նշանակում է, որ դրա շրջանակներում ստանդարտացվում են իրավական, կազմակերպչական, քաղաքական և այլ հարցերը: Սա էլ նշանակում է, որ եթե որոշում ենք որևէ միության միանալ, պետք է հստակեցնենք՝ ինչ ենք ուզում»: ԵՄ օրինակը ցույց տվեց, որ արագ-արագ անդամներ հավաքագրելը (եվրոյի հետ կապած) դոմինոյի ազդեցություն է ունենում, և հիմա տարբեր պետություններ այդ միության ապագան վտանգի տակ են դնում: Դրա համար էլ, ըստ Հ. Մեսրոբյանի, կանգնեցվել է ԵՄ նոր անդամների ընդունելությունը, բայց արդեն ուշ է: «Միությունն այդքան խաղ ու պար չի: Միանգամից ներքին խնդիրներ են լինում, ինչպես եղավ ԵՄ-ում: Դրա համար էլ և՛ Նազարբաևը, և՛ Մեդվեդևը, և՛ Լուկաշենկոն հայտարարում են, որ չեն կրկնելու ԵՄ սխալները, և նախքան անդամակցելը պետք է պետություններն ինչ-ինչ չափանիշների համապատասխանեն»:










































