News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանում հետաձգվել է նոյեմբերի 25-ին տեղի ունենալիք «Վրացական երազանք» հասարակական շարժման շնորհանդեսը։ Այն պետք է գլխավորի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին։
Վերջինիս քարտուղարությունը հայտարարել է, որ շարժման շնորհանդեսի հետաձգումը պայմանավորված է իշխանությունների հարուցած արհեստական խոչընդոտներով, որոնք խնդիրներ են հարուցում շնորհանդեսի անցկացման վայրի ընտրության հարցում.
«Մենք խնդրել ենք նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում մեզ դահլիճ հատկացնել, սակայն բանավոր մերժում ենք ստացել։ Սա առաջին դեպքը չէ, երբ նմանատիպ արհեստական խնդիրներ են ստեղծվում։ Այսպիսի խնդիր էր ծագել նաև ուղիղ եթերով Իվանիշվիլիի մամլո ասուլիսի հեռարձակման ժամանակ»։
Հիշեցնենք, որ այսօր Իվանիշվիլին հայտարարել է, որ իշխանության գալուց հետո ամեն օր ԱՄՆ-ին ու ԵՄ-ին չի հիշեցնելու ու ձանձրացնելու օկուպացված տարածքներից Ռուսաստանին վտարելու մասին։











































