Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առաջարկել է երթուղային նոր ցանցի մշակման աշխատանքներում հաշվի առնել քաղաքացիների կողմից ներկայացրած որոշ երթուղիների հետ կապված բողոքներն ու առաջարկությունները։
Միաժամանակ, հանձնարարվել է երթուղային նոր ցանցը կիրառելու ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանել Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը շահագործելու և դրանք սպասարկելու առումով, ինչը ենթադրում է համապատասխան կառույցների ձևավորում:
Մայրաքաղաք մտնող մերձքաղաքային ավտոտրանսպորտային միջոցները հատկացված վերջնակետային հանգույցներում կայանելու հետ կապված՝ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ Ճանապարհային ոստիկանության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան կառույցների հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման 2 դեպք, իսկ չնախատեսված կանգառում կայանման 8 դեպքի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել և ամենօրյա հսկողության տակ պահել այս գործընթացը, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ բանուկ խաչմերուկներում տրանսպորտային խցանումների բեռնաթափման հարցը:
«Քաղաքացիների կողմից դրական արձագանքն արդեն նկատելի է, մենք պետք է շարունակենք ամենօրյա հսկողությունը և կարգապահությունը դարձնել կենսակերպ: Այդ աշխատանքներում պետք է ներգրավել նաև այն հասարակական կազմակերպություններին և երիտասարդական կառույցներին, որոնք համագործակցելու պատրաստակամություն են հայտնել»,-նշել է քաղաքապետը:
Աբովյան փողոցի կրպակների ապամոնտաժման հարցի հետ կապված Երևանի գլխավոր ճարտարապետը ներկայացրել է, որ իրավաբանական վարչության հետ պատրաստվել է փաստաթղթային ձևակերպումների վերջնական մոդելը և հարցը առաջիկայում կարող է մտնել գործնական փուլ:
Քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապարտեզների ջեռուցման համակարգերի շահագործման հետ կապված զեկուցվել է, որ հիմնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:
«Մշակութային կրթօջախներն ու նախադպրոցական հաստատությունները պետք է աշխատեն ջեռուցվող պայմաններում: Պետք է արագացնել այդ աշխատանքները և ժամանակին ապահովել ջեռուցումը: Քաղաքապետարանը ջեռուցման նպատակով բյուջետային լուրջ գումարներ է հատկացնում այդ հաստատություններին և, ըստ այդմ, ուղղակի անթույլատրելի է, երբ մամուլում հանդիպում ենք հրապարակումների, թե ջեռուցման նպատակով լրացուցիչ գումարներ են հավաքագրվում»,-ասել է Տ. Մարգարյանը։
Տ. Մարգարյանը նշել է նաև, որ 2012թ. բյուջեով արդեն նախատեսված է համապատասխան ֆինանսավորում և հաջորդ տարի ևս մանկապարտեզները կգործեն անվճար հիմունքով:
Մայրաքաղաքի փողոցների, շենքերի և այլ վայրերում փակցված ցուցիչ վահանակների գույքագրման և դաշտի կարգավորման աշխատանքների հետ կապված արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի կողմից զեկուցվել է, որ կատարվել է գույքաքրում և համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ Երևանում առկա ցուցանակները դեռևս բավարար չեն լիարժեք կողմնորոշվելու համար:
Նշվել է նաև, որ ամբողջությամբ գույքագրվել և շարունակական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքում տեսքը կորցրած ՀՀ պետական դրոշները նորերով փոխարինելու ուղղությամբ:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ակտիվացնել հետադարձ կապը բնակիչների և համատիրությունների հետ։










































