Facebook-ի օգտատեր Արթուր Մինասյանն օրերս իր էջում գրել է.
Պաշտպանության բանակի N զորամասերից մեկի բուժծառայությունը գտնվում է աղետալի վիճակում: Բանն այն է, որ զորամասի բուժծառայության օղակն արդեն քանի ամիս է` ամբողջությամբ համալրված չէ անհրաժեշտ կադրերով, ինչի պատճառով էլ բուժկետի բժիշկներն աշխատում են արտակարգ ռեժիմով:
Զորամասում բացակայում են մարտական հերթապահություն իրականացնող գումարտակներից երեքի բուժակները, ինչպես նաև համալրված չէ բուժկետի երկու պայմանագրային բուժքույրերի հաստիքը: Ու թեև բուժկետի բժիշկների հաստիքները լրացված են, սակայն նրանք ստիպված են լինում իրենց պարտականությունների մեջ չմտնող գործողություններ իրականացնել, այն է` մարտական հերթապահության ժամանակ գումարտակի կազմում բուժակ աշխատել: Արդյունքում խաթարվում է ինչպես բուժկետի, այնպես էլ` բուժծառայության աշխատանքն ամբողջությամբ, բժիշկները գերծանրաբեռնվում են, ինչի հետևանքները խիստ վտանգավոր կարող են լինել:
Թեև այս խնդիրն արդեն քանի ամիս է` գոյություն ունի, սակայն ոչ ՊԲ, ոչ ՊՆ ղեկավարությունը կարծես թե ի զորու չէ լուծել կադրերի խնդիրը կամ առկա կադրերով աշխատանքը կազմակերպել այնպես, որ արդյունքում բժիշկները արտակարգ ռեժիմով չաշխատեն:
Հարցը ունի նաև իրավական կողմ: Բանը նրանում է, որ թեև բուժկետի բժիշկներին պարտադրում են գումարտակի կազմում բուժակի ֆունկցիա իրականացնել, դրա իրավական հիմքերը բացակայում են: Խնդիրն այն է, որ զորամասի բուժկետը առանձին ստորաբաժանում է, իսկ գումարտակը` առանձին, բուժկետի բժիշկը կոչումով սպա է, իսկ գումարտակի բուժակը` լավագուն դեպքում ենթասպա, մասնագիտական ենթակայությամբ գումարտակի բուժակը ստորադասվում է բուժկետի բժշկին և այլն:
Չի բացառվում, որ բուժկետի բժիշկները, աշխատելով ու բուժկետում հերթապահելով գերբեռնված ռեժիմով, լուրջ վրիպումներ թույլ տան հիվանդ զինծառայողների հետ աշխատանքի ընթացքում, և այդժամ Սեյրան Օհանյանը կրկին անցնի իր սիրած`ռազմական բժիշկներին քլնգելու պրոցեսին…