«Ժառանգություն» կուսակցության ծրագիրը հստակ խոսում է Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հեռանկարի մասին, հետևաբար մեր երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալը հակասում է կուսակցության ծրագրային դրույթներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:
«Սխալ է միանալ մի կառույցի, որը կարող է խոչընդոտներ ստեղծել եվրաինտեգրման ճանապարհին: Ճիշտ է, Եվրասիական միության մասին ընդամենն ինչ-որ պատկերացումներ են շարադրված, սակայն մի բան ակնհայտ է. այս միությունն առավելապես բխում է Ռուսաստանի նախկին և հնարավոր հաջորդ նախագահ Վլադիմիր Պուտինի հայեցակարգից, համաձայն որի Ռուսաստանը ոչ միայն եվրոպական, այլ նաև եվրասիական պետություն է և որպես այդպիսի պետություն՝ պետք է դառնա բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը: Հետևաբար ակնհայտ է, որ այս գաղափարը միտված է սպասարկելու Վլադիմիր Պուտինի աշխարհաքաղաքական հայեցակարգին, քան երկրների միջև տնտեսական ինտեգրման խնդիրներ լուծելուն: Այդ խնդիրները կարող են լուծվել առանց նման միության, երկկողմ մակարդակով, ինչը և տարիներ շարունակ արել է Հայաստանը՝ Ռուսաստանի հետ ստորագրելով ավելի քան 200 պայմանագրեր:
Հետևաբար մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը միանալուն, առավել ևս, երբ այդ միությունը բաղկացած է լինելու ժողովրդավարությամբ չփայլող երկրներից: Մինչդեռ Հայաստանի իրական զարգացումը ժողովրդավարական երկրների ընտանիքում է: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը կարող է խնդիրներ հարուցել Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,- ամփոփեց Ստեփան Սաֆարյանը: