ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունել է Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Ս. Մանասարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Սենեգալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:
Մ. Դիուֆը վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:
Մասնավորապես, կարևորվել է համագործակցությունը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության հետ։
Հյուրի խնդրանքով Ս. Մանասարյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: