Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսի է ժամանում ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, հայտնի լեհ դիվանագետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի տեղակալ Ադամ Կոբերացկին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Կոբերացկին հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի ԱԳՆ-ում ու վերաինտեգրման հարցերով պետնախարարի ապարատում։ Կալանդաձեի խոսքերով՝ երկրում ԵԱՀԿ-ի մանդատի հետ կապված դիտորդներ չկան, և վրացական կողմը ցանկանում է տվյալ կազմակերպության հետ հաստատել այլ ձևաչափի հարաբերություններ, որպեսզի նա իրազեկվի երկրի վերջին զարգացումներից։
Բացի այդ, վրացական կողմը ցանկանում է, որ ԵԱՀԿ-ն մասնակցի մարդու իրավունքների խախտման խնդիրների լուծման գործընթացին։