Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այն պնդումները, թե ընտրողների ցուցակն առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ կարող է կեղծիքների պարարտ հող առաջացնել:
«Այսօր կարծում ենք, որ մենք ունենք իրականում իդեալականին մոտ ընտրողների ցուցակ, և դրա փայլուն ապացույցը հենց եղավ վերջին Իջևանի ընտրությունները», – ասել է Մուկուչյանը` նշելով, որ շուրջ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ չեն առաջացել:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, որ Իջևանի ընտրությունների ժամանակ 78-ամյա մի ծերունու ծննդյան օրվա ու ամսաթվի սյունակում նշված էր 0 թիվը, Մուկուչյանը դա համարել է ծրագրային սխալ:
«Գիտեք, այդ 0-0-0-0 որոշակի թվի հետ կապված` դա, ըստ էության, ավելի շատ, ասենք, որոշակի ծրագրային խնդիր է, որովհետև այդ ցուցակները համակարգչային ծրագրով են ձևավորվում։ Բայց պետք է նկատի ունենալ մի բան` որ Իջևանի քաղաքապետի ընտրություններում, որտեղ բավականին մեծ թվով ընտրողներ մասնակցեցին, պետք է նկատել միանշանակ, որ չի եղել գեթ մեկ դեպք, որպեսզի որևէ քաղաքացի ներկայանա տեղամասային կենտրոն, և պարզվի, որ վերջինիս ազգանունը ցուցակում չկա, ու դրանով պայմանավորված` առաջանան պրոբլեմներ», – ասել է ԿԸՀ նախագահը։
Մինչդեռ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ընտրացուցակները իշխանություններին կրկին հնարավորություն կտան կեղծիքների դիմել։
«Ընդհանուր առմամբ, տարիներ շարունակ, ընտրացուցակները որքան էլ որ փորձ է արվում մաքրել գոյություն չունեցող կեղծ կամ մահացած ընտրողներից, ցավոք սրտի, ես կարող եմ որպես նախկին ընտրություններին հետևած անձ հաստատել, որ, այնուամենայնիվ, միտումնավոր, դեռևս այդ ցուցակները գտնվում են շատ մտահոգիչ վիճակում, և, այո, կարող են ցուցակներում լինել այդպիսի դեպքեր», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սաֆարյանը:
«Մասնավորապես, ծննդյան տարեթվերի, ամիսների հետ ճշտման ոչ ենթակա տվյալներ են, որտեղ հանձնաժողովի անդամներն արդեն իսկ բարդության առաջ են կանգնում, երբ տվյալ անձը գալիս է քվեարկության, և անհնար է պարզել` արդյոք իսկապես նա պետք է քվեարկի՞, թե՞ ոչ»,- ասել է Սաֆարյանը:
«Այսինքն, այսպիսի խնդիր եղել է բոլոր ընտրությունների ժամանակ, և տեսեք` որերորդ ընտրությունն է` այդ խնդիրը չի լուծվում», – ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Սաֆարյանը ընտրացուցակների թերությունները պատահական չի համարում. – «Ցուցակները կազմում է ոստիկանությունը, և նրանք, ես կարծում եմ, որ ոչ պատահականորեն նախագահական և խորհրդարանական ընտրությունների, առաջին հերթին` այդ ընտրությունների նկատառումներով, շարունակում են ցուցակում պահպանել այդ անձանց»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, սակայն, համոզված է, որ ընտրացուցակներն ու նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն կտան կազմակերպել ընտրական գործընթացներն այնպես, որ որևէ քաղաքացի կամ քաղաքական ուժ անհավասար պայմաններում չհայտնվի:
Տիգրան Մուկուչյանն օրինակ է բերել օրենսգրքում քարոզարշավի շրջանում բարեգործությունների արգելման դրույթը, որը, ըստ նրա, առաջիկա ընտրություններին թույլ կտա զերծ մնալ բարեգործության անվան տակ կատարվող այսպես կոչված թաքնված քարոզարշավի հնարքներից:








































