Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը մտադիր չէ հրապարակավ քննարկել Իրանին հարված հասցնելու հնարավորությունը.
«Ես չեմ կարծում, որ դա հրապարակավ քննարկումների առարկա է։ Ոչ վաղ անցյալում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցը սթափեցնող ազդեցություն է ունեցել շատ շատերի վրա։ Դա վերաբերում է թե՛ համաշխարհային առաջնորդներին, թե՛ տարբեր երկրների հասարակություններին։ Մարդիկ հասկանում են, որ ժամանակը եկել է (Բարաքը, սակայն, չի հստակեցրել, թե ինչի ժամանակն է եկել)։
Իրանը մտադիր է ստեղծել միջուկային զենք, քանի որ նրա արարքներին այլ խելամիտ բացատրություն տալն անհնար է։ Պետք է կասեցնել այդ գործընթացը»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Էհուդ Բարաքը հայտարարել էր. «Իրանն ունի 4000-ամյա պատմություն, նա նայում է իր շուրջբոլորը և տեսնում, որ Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը և իբր Իսրայելն ունեն միջուկային զենք։ Ուստիև նա նույնպես ցանկանում է ունենալ միջուկային զենք։ Եթե ես էլ լինեի Իրանի փոխարեն, ապա ես էլ կձգտեի միջուկային զենքի ստեղծման։
Սակայն միջուկային Իրանը հակացուցված է Մերձավոր Արևելքին։ Աշխարհը որոշակի պայմաններում կարող է թույլ տալ, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը և անգամ Հնդկաստանը տիրապետեն միջուկային զենքին։ Բայց եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա նրա օրինակին կարող են հետևել Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Եգիպտոսը։ Նման պարագայում աշխարհին չի հաջողվի խուսափել սպառազինությունների մրցավազքից»։