«Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ 2011թ. նոյեմբերի 20-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում տեղի է ունեցել «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը:
Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը վերլուծել է Հայաստանին առնչվող ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, քաղաքական գնահատական տվել վերջին շրջանում իշխող վարչախմբի մի շարք բարձրագույն պաշտոնատար անձանց հրաժարականների իրողությանը:
Նրա համոզմամբ` այդ փոփոխությունները որևէ կապ չունեն հայ ժողովրդի և Հայաստանի առջև ծառացած բազում հիմնախնդիրների լուծման հետ:
Խոսելով Եվրասիական միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հիմնախնդրի մասին, Ա. Կարապետյանը միանշանակ համոզմունք է հայտնել, որ Հայաստանն անվերապահորեն պետք է միանա 2011թ. նոյեմբերի 18-ին Մոսկվայում ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:










































