Ինչպես հաղորդում է The Glendale News Press-ը, Կալիֆոռնիա նահանգում 20-ամյա Անի Ոսկանյանը ձերբակալվել է ոստիկանության կողմից 3-ամսյա հետաքննությունից հետո, որի արդյունքում պարզվել է, որ մեքենայի ղեկին եղած ժամանակ նա հեռախոսով կարճ հաղորդագրություն է ուղարկել և չի նկատել Գլենդելի 80-ամյա բնակչին, որը ճանապարհը հատելիս է եղել:
Դա տեղի է ունեցել այս տարի՝ սեպտեմբերի 15-ին, Գլենդել քաղաքում: Սպանվածը նույնպես ազգությամբ հայ Միսակ Ռանջբարն էր, որը, ըստ նրա որդու խոսքերի, ամեն առավոտ զբոսնում էր մոտակայքում: Միսակը ուժեղ հարվածից հայտնվել է գետնին` գլուխը հարվածելով ճանապարհի եզրաքարին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն շուտով մահացել է:
Այսպիսի դեպքերը Գլենդելում շատ են, երբ մեքենայի ղեկին հեռախոսով կարճ հաղորդագրություն գրելիս վարորդը չի նկատում անցորդներին և վրաերթի է ենթարկում նրանց: Ինչպես նշում են Գլենդելի քաղաքապետարանում, այս ուղղությամբ քաղաքապետարանը լուրջ աշխատանք է տանում: