News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին տարածաշրջանային ԶԼՄ-ների համար կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի և ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության խնդիրներին.
«Իշխանության գալուց հետո ես բոլոր ջանքերը ներդնելու եմ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Սակայն ես չեմ կարող ասել, թե դա երբ տեղի կունենա։ Մեր տարածքի 20 տոկոսն օկուպացված է, և ես պատրանքներ չեմ տածում, թե մենք արագորեն գործընթացն առաջ կշարժենք մեռյալ կետից։
Սակայն մենք այդ ուղղությամբ փորձեր ենք ձեռնարկելու, այդ թվում՝ նաև ժողովրդական դիվանագիտություն, որից ներկայումս հրաժարվում է Միխեիլ Սաակաշվիլին։ Բացի այդ, մենք պետք է բանակցություններ սկսենք Ռուսաստանի հետ և այդ գործընթացում ներառենք աբխազներին ու օսերին։ Մենք հասկանում ենք, որ այդ գործընթացն ամենաբարդն է լինելու։
Ճգնաժամերը կարող են մեծ փոփոխություններ առաջ բերել աշխարհաքաղաքականության մեջ, և ես չեմ բացառում, որ այդ գործընթացները կարող են լինել մեր օգտին։ Դրա համար էլ մեր տարածքների վերադարձը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան մենք կարող ենք դա պատկերացնել։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, ապա Վրաստանի անվտանգության շահերը ենթադրում են, որ դա այլընտրանք չունի։ Ես նույնպես կիսում եմ երկրի ճնշող մեծամասնության կարծիքը, որն արդեն կատարել է իր ընտրությունը։ Ուղղակի մենք հասկանում ենք, որ մոտ ապագայում Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մինչդեռ Սաակաշվիլին բնակչությանը շարունակ գցում է մոլորության մեջ՝ հայտարարելով, թե այդ պեհը շատ մոտ է։
Օրինակ՝ ոչ վաղ անցյալում Վրաստան այցելած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, խոսելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մասին, ընդգծեց, որ վրացական ինստիտուտները դեռ զարգացման կարիք են զգում։ Մինչդեռ Սաակաշվիլիի համակիրները դա ներկայացրին, թե այստեղ շատ զարգացած են ինստիտուտները»։
Հիշեցնենք, որ Ռասմուսենը Վրաստան է այցելել այս տարվա նոյեմբերի 9-ին։ Նա Վրաստանում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը կարող է քննարկվել 2012 թվականին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովում։










































