CNN Türk-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան ցանկանում է Սիրիայի ռեժիմի վրա ճնշումներ գործադրելու հարցում համագործակցել Թուրքիայի հետ։ Այս մասին Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի թուրքական այցի նախաշեմին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի խոսնակ Բեռնարդ Վալերոն։
Վերջինս հավելել է, որ Ժյուպեն գոհ է Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ղեկավարության սահմանած պատժամիջոցներից։ Ըստ Վալերոյի՝ Ժյուպեն Անկարայում հանդիպում է ունենալու իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի և նախագահ Աբդուլլահ Գյուլի, իսկ Ստամբուլում՝ վարչապետ Էրդողանի հետ։ Բացի այդ, նա հանդիպելու է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի անդամների հետ։
Այդ հանդիպումներում կողմերը, Սիրիայի հարցից բացի, քննարկելու են նաև երկկողմանի և տարածաշրջանային հարաբերությունների հարցը, Իրանի միջուկային ծրագիրը, Արաբական գարունն ու մերձավորարևելյան վերջին զարգացումները, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցն ու ահաբեկչության դեմ պայքարը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան, Գերմանիայի հետ մեկտեղ, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կատաղի հակառակորդն է։










































