«Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը (վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացում) հակասահմանադրական չճանաչելու առնչությամբ ՍԴ որոշումը լղոզված է և դատավորներին որևէ ձևով չի պարտադրում վերանայել ԶԼՄ-ների նկատմամբ իրենց մոտեցումները: Միակ ճիշտ որոշումը կլիներ հոդվածը հակասահմանադրական ճանաչել և ԱԺ-ին հարկադրել նոր օրենք ընդունել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Սահմանադրական դատարանը արեց այն, ինչ ես սպասում էի: Չկա որևէ սահմանափակում, որ դատավորը պետք է պատժամիջոց չսահմանի 1 կամ 2 մլն դրամը: Չկա ոչ մի սահմանափակում և հստակեցում, թե ինչը կարելի է համարել վիրավորանք, ինչը՝ զրպարտություն, այսինքն՝ ամեն ինչ մնաց այնպես, ինչպես կար»,- նկատեց խմբագիրը:
Անդրադառնալով ՍԴ որոշման այն հատվածին, ուր նշվում է, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը, Արամ Աբրահամյանը նկատեց. «Սրա մասին օրենքի մեջ արդեն իսկ գրված է, եթե դատավորներն օրենքին հետևեին, ապա կրկնություն թույլ չէին տա: Քաղաքացիական օրենսգրքում արդեն իսկ գրված է, որ տուգանք սահմանելիս պետք է հաշվի առնվեն լրատվամիջոցի գույքային և ֆինանսական վիճակը, այնպես որ, այստեղ ոչ մի բան չի ավելացել»,- ամփոփեց «Առավոտի» խմբագիրը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 15-ին, ՍԴ-ն, քննելով Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության մասով, արձանագրեց, որ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը:
Միևնույն ժամանակ, սակայն, դատարանը, մի շարք իրավական մոտեցումներ ներկայացրեց, որոնք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, երաշխավորելու են հոդվածը կիրառել բովանդակությանը համապատասխան: Մասնավորապես՝ դատարանը գտնում է, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը:











































