«Երիտասարդական ծրագրերի համար հատկացվող 563.9 մլն դրամ գումարը բավարար չէ, թեև նախորդ տարվա 375.7 մլն-ի դիմաց ավելացվել է, բայց կարելի է քառապատկել այդ գումարը»,- այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ պատճառաբանելով, որ առաջիկա խորհրդարանական, հետո նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն կարիք կունենա բազմաթիվ համերգների, որոնց ժամանակ կծածանվի ՀՀԿ դրոշը և այլն:
Անցնելով ավելի լուրջ տոնայնության՝ Ա. Մարտիրոսյանը հայտարարեց, որ բյուջեով ոչ մի ցուցանիշ չի ապահովելու կենսապահովման նավազագույն զամբյուղի բարելավումը, որը, ըստ փորձագետների, բավականին համեստ ցուցանիշներով է լրացված: Ըստ նրա՝ կառավարությունն անընդհատ խոսում է մակրոտնտեսական ցուցանիշների մասին, բայց հաշվի առնելով հասարակության բևեռացվածությունը, դրանք ՀՀ քաղաքացուն ըստ էության ոչինչ չեն տալիս.
«Խոսում եք կայունության մասին, բայց քաղաքացու սոցիալ-տնտեսական դրությունը շատ հեռու է մինչճգնաժամային վիճակից, թեև այն ժամանակ էլ փայլուն չէր: Գյուղացիության մասին եք խոսւմ, բայց մանրածախ առևտրի շրջանառության 85%-ը եղել է Երևանում, 15%-ը՝ մարզերում: Սա ցույց է տալիս գյուղացու գնողունակությունը»:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ քաղծառայողի փաթեթի մասին է շատ խոսվում, բայց այն երկրները, որտեղ նման փաթեթ են ստեղծել, նախ նորմալ աշխատավարձ են ապահովել, հետո փաթեթ առաջարկել, որ բարձրորակ կադրերը չհեռանան ու մնան համակարգում:
«Ստվերային տնտեսության մեջ գտնվում է խոշոր և մերձիշխանական բիզնեսը, և թեև կառավարությունն ասում է՝ փորձելու է կրճատել, 17.3%-ի հասցնել 2012-ին, բայց կարելի է 23%-ի հասցնել, ինչը 245 մլրդ հավելյալ դրամ է»,- շեշտեց Ա. Մարտիրոսյանը:










































