Բաղդադում ամերիկյան զինվորների հարցերին պատասխանելով՝ ԱՄՆ զինված ուժերի շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ, ծովակալ Մայքլ Մալենը հայտարարել է, թե մեծանում է Կորեական թերակղզում ռազմական գործողությունների պոռթկման հավանականությունը,- հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքերով՝ Փհենյանը բարձրացրել է Հարավային Կորեայի նկատմամբ խաղադրույքները։ «Իրավիճակն այնտեղ փոխվել է և գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- ընդգծել է ծովակալը։
Ըստ ծովակալի՝ միակ երկիրը, որը կարող է ազդել Փհենյանի վրա, Չինաստանն է. «Չինաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը և նվազեցնի լարվածությունը Հյուսիսային ու Հարավային Կորեաների միջև, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի իշխանություններին համոզի հրաժարվել միջուկային զենք արտադրելու գաղափարից»,- ընդգծել է նա: