Հայկական դեղագործական ասոցիացիայի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը,ԴԱՆ միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրին, որ միացյալ ուժերով պայքարելու են դեղերի կեղծման դեմ և քայլեր են ձեռնարկել միջազգային շուկա դուրս գալու համար: Ղուկաս Ուլիխանյանի խոսքերով, հայկական շուկայում կեղծ դեղեր են շրջանառվում, և իրենք առաջիկայում փորձելու են իրենց ծրագրերի շրջանակներում իրականացնել միջոցառում՝ սպառողներին իրազեկելու, թե ինչպես տարբերեն կեղծ դեղերը: Միաժամանակ նա չցանկացավ նշել, թե որ դեղերն են կեղծվում, որովհետև հարվածի տակ կդնեն իրական բրենդներին, սակայն ավելացրեց, որ հիմնականում կեղծվում են այն դեղերը, որոնց շրջանառությունը մեծ է ու թանկ, իսկ կեղծարարները հիմնականում դրսից են: Հայաստանում կեղծ դեղորայքի շրջանառությունը հիմնականում 5-6 տոկոս է, իսկ մոնիտորինգի արդյունքները ցույց է տվել, որ 1,5 տոկոս է, սակայն դեղագործները նկատեցին, որ նույնիսկ նվազագույն տոկոսների դեպքում պետք է պայքարել կեղծ դեղագործական շրջանառության դեմ, քանի որ մեկ մարդու կյանքն արժե ամբողջ աշխարհ, հատկապես այն դեպքում, երբ հայտնի չէ, թե այդ կեղծ դեղերն ինչից են պատրաստվում: