Երեկ Երևանում 17:30-ի սահմաններում «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), տեսնելով իր փաստաբանին սպասող գործարար Սիլվա Համբարձումյանին, մոտեցել է, ոտքով հարվածել կնոջը, ապա սկսել է հարվածներ տեղալ վերջինիս ուղղությամբ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ս. Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում, որը ներկայում գտնվում է Խաչատրյանին պատկանող Գեղվա ձոր հանքավայրում։
Բացի այդ` կինը մեղադրանքի խոսքեր էր հնչեցրել նաև Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին: Գործարարի պնդմամբ՝ նրանք անօրինական գործողություններով հանքը խլել են իր ձեռքից: Նշենք, որ իրավապահները ներկայումս զբաղվում են գործարարի հայտարարությամբ:
Գործարար Սիլվա Համբարձումյանի հետ զրուցել ենք ՀՔԾ-ից դուրս գալուց հետո։
– Տիկին Համբարձումյան, ինչո՞ւ Ձեզ այսքան երկար պահեցին Հատուկ քննչական ծառայությունում: Կմանրամասնե՞ք:
– Իրականում երկար չպահեցին, շատ բարեհամբույր ընդունեցին: Ես նախապես պետք է գնացած լինեի, իմ նախկին գործերով էի, և քանի որ մինչև ճշտեցին` ում մոտ է, ով է զբաղվում խնդրով, ժամանակ տևեց:
– Իսկ այն, որ Սյունիքի մարզպետարանի հասարակայության և տեղեկատվության բաժինը հերքում է ձեզ հասցրած հարվածները և որակում դա զրպարտություն մարզպետի դե՞մ…
– Ես նաև խնդրեցի «Արմենիա Մարիոթ»-ից տեսագրությունը վերցնել, որ պատկերը պարզ լինի: Իսկ նա ինձ չի հետաքրքրում, ինքն ինձ անգամ չի էլ ճանաչել, գարնանն ենք ծանոթացել:
– Սուրեն Խաչատրյանի հետ խմորումները գարնանի՞ց սկսվեցին:
– 2009-ից սկսվեցին գործընթացները, պարզապես մենք այնքան սպասեցինք, որ քննիչի թուղթը ձեռք բերենք, որ՝ այո, սարքավորումն այնտեղ է, մինչ այդ մենք ոչինչ չենք արել: Ստանալուց հետո նոր միան հանդիպեցինք, որ կամ սարքավորումս հետ տա, կամ գումարը: Նա ինձ 100.000 դոլար առաջարկեց, իսկ ես ասացի` ես մուրացկան չեմ, ես իմ սարքավորումն եմ ուզում ետ վերցնել:
– Տիկին Համբարձումյան, այսքան պատմություններ են կապված Սյունիքի մարզպետի հետ, և նա միշտ անպատիժ է մնացել: Այս անգամ, ի՞նչ եք կարծում, կպատժվի՞:
– Ի՞նչ իմանամ:
– Եթե նրան հեռացնեն, կհամարե՞ք պատիժը լուծված:
– Գիտեք, ամեն մարդ պատիժը յուրովի է ընկալում. եթե նրան հանեն, և նա ինձ սկսի հետապնդել, կհամարե՞մ հարցի լուծում, իհարկե ո՛չ: Հարցի լուծումը պետք է նրա ուղեղում լինի: Նա պետք է հասկանա, որ, ամեն դեպքում, կին է, և չի կարելի, երևի իր տան մեջ այս բոլորը կա, ի՞նչ իմանամ:
– Պատգամավորների վարքը, որ հրաժարվեցին միջադեպից խոսել, ինչո՞վ եք պայմանավորում:
– Երբ ես սթափվեցի, Խաչիկին այդ ժամանակ տեսա, բայց Սամվել Սարգսյանը և մի հոգի սկզբից մինչև վերջ այնտեղ ներկա են եղել: Խաչիկը, հավանաբար, ավելի հեռու էր նստած:
– Այսինքն` նա մտավ «Արմենիա Մարիոթ», միանգամից մոտեցավ ու հարվածե՞ց:
– Այո՛, եկավ և միանգամից հարվածեց, ես չէի սպասում, որովհետև մեկ օր առաջ նա մարդիկ էր փնտրում, որ հետս խոսեն, որ իրեն դատի չտամ: Ես մտածեցի՝ գալիս է հետս խոսելու, բայց եկավ և առանց խոսելու միանգամից հարձակվեց:
– Ըստ Ձեզ` ո՞րը կլինի նրա նկատմամբ ամենաարդարացի պատիժը:
– Ի՞նչ իմանամ: Նա պետք է ներողություն խնդրի և հասկանա, որ մե՛ծ սխալ է թույլ տվել, և կյանքում չկրկնի դա:
– Երեկանից որևէ կերպ չփորձե՞ց կապվել Ձեզ հետ:
– Ոչ: Նման փորձ չի եղել: Երկու տղամարդու միջև կռիվը նորմալ է, բայց կնոջ և տղամարդու միջև… Գոնե ասեր` գալիս եմ հարձակվելու, և սկսենք կռիվը, բայց ոչ թե միամիտ կանգնած մարդու վրա հարձակվեր, այն էլ՝ տղամարդը կնոջ վրա…
– Եթե չմիջամտեին, Ձեզ իսկապես կծեծե՞ր:
– Այո, եթե մարդ չլիներ, եթե այդ տղամարդիկ այնտեղ չլինեին, հաստատ պատերազմ կլիներ, և շատ հնարավոր է՝ այնտեղ շշեր էլ ջարդվեին:









































