Ներկայացնում ենք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծելու երեկվա դեպքի մասին մամուլի անդրադարձը:
«Հայկական Ժամանակ»-ը գրում է.
«Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը երեկ երեկոյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա և հարվածներ տեղացել նրա վրա:
Սիլվա Համբարձումյանը մեզ պատմեց, որ ինքը հյուրանոցից դուրս էր գալիս, այդ պահին հայտնվել է մարզպետը. Խաչատրյանը, ըստ գործարար կնոջ, նաև՝ ըստ ականատեսների, ծնկով հարվածել է Համբարձումյանի փորին, այնուհետև հարվածներ տեղացել գլխին»:
«Այնտեղ տղամարդիկ կային, քաշեցին մի կողմ»,- պատմել է Սիլվա Համբարձումյանը: Տղամարդկանցից մեկը, ըստ նրա, եղել Է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, մյուսը՝ Արարատ-Հայաթի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը, մյուսն էլ, ըստ նախնական տեղեկությունների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Կնոջը հարվածելիս Սուրեն Խաչատրյանը ոչինչ չի ասել: Միջադեպը, ըստ տուժողի, ֆիքսվել Է նաև հյուրանոցի անվտանգության տեսախցիկներով, և Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է վերցնել տեսագրությունը և դիմել ոստիկանություն:
«Սպասում եմ փաստաբանիս, որ գնանք ոստիկանություն»,- ասել է գործարար կինը: Ըստ նրա` դեմքի վրա հետքեր չեն մնացել: «Եթե տղամարդիկ չքաշեին, կարող է դեռ շարունակվեր»,- ասել է Համբարձումյանը: Ըստ նրա` մարզպետի հարձակումն իր վրա միանշանակ կապված էր իր վերջին հայտարարությունների հետ:
Համբարձումյանը անցյալ շաբաթ իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող Լիճքվազ-Թեյի հանքից գողացել է թանկարժեք սարքավորումներ, իսկ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը թերթին հայտնել էր, որ սույն հայտարարությամբ սկսել է զբաղվել Հատուկ քննչական ծառայությունը:
«Երեկ մենք վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանին գրավոր և բանավոր հարց ենք ուղղել՝ Սուրեն Խաչատրյանը պատժվելո՞ւ է իր արարքի համար: Պատասխան, սակայն, առայժմ չենք ստացել: Սուրեն Խաչատրյանի պաշտոնանկության մասին տեղեկությունները շրջում են արդեն մի քանի շաբաթ, ենթադրվում է, որ պաշտոնանկության շեմին կանգնած մարզպետը իր բարկությունը թափել է գործարար կնոջ վրա: Երեկ մեզ չհաջողվեց միջադեպի վերաբերյալ մանրամասներ ստանալ Սամվել Սարգսյանից, Արմեն Ղուլարյանից կամ Խաչիկ Մանուկյանից: Վերջինս, սակայն, լրատվական կայքերից մեկին ասել է, որ դեպքի ժամանակ չի եղել «Մարիոթ» հյուրանոցում, այլ եկել է ավելի ուշ»,- հավելում է «ՀԺ»-ն:
«168 ժամ»-ը, «Հարձակվել է կնոջ վրա» վերնագրով իր անդարադարձում գրում է.
«Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել և հարվածել է կին գործարար Սիլվա Համբարձումյանին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ս. Համբարձումյանը հայտարարել էր, թե Ս. Խաչատրյանն իրեն պատկանող «Սիփան» ընկերությունից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը, և, որ այժմ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:
Ս. Համբարձումյանի խոսքով՝ Ս. Խաչատրյանը «եկավ, վրա տվեց, փորձում էր ոտքով խփել, բայց հետո ձեռքով խփեց»: Ս. Համբարձումյանը նաև հայտնել է, որ միջադեպին ներկա են եղել Աժ պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը: Որոշ ժամանակ անց, սակայն, Խ. Մանուկյանը լրատվամիջոցներին ասել է, թե ինքը միջադեպին ներկա չի եղել, ավելի ուշ է մտել հյուրանոց: Սակայն Ս. Համբարձումյանի պատմելով` Խ. Մանուկյանը ներկա է եղել և փորձել է միջամտել. «Իրանք բռնեցին, ասեցին՝ հո դու խուլիգան չես».- ասել է Ս. Համբարձումյանը»,- ապա թերթը հավելում է.
«Իսկ երեկ Ս. Համբարձումյանը պատրաստվում էր դիմել ՀՀ ոստիկանապետին. «Կարծում եմ` նախագահը պետք է հրատապ լուծում տա, չի կարելի խուլիգաններին…հյուրեր կային այնտեղ, ի՞նչ կմտածեն մարզպետի մասին»,- ասել է Ս. Համբարձումյանը»:
«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով ծեծկռտուքի թեմային, գրում է.
«Երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մտնելով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարան, տեսել է գործարար Սիլվա Համբարձումյանին և հարձակվել նրա վրա:
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, թե Լիճվազք-Թեյի իր ոսկու հանքից Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում: Ավելին, այն այժմ գտնվում է Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում:
Սուրեն Խաչատրյանն էլ «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ոչ թե գողացել է այդ սարքավորումը, այլ գնել: Դրանից հետո մարզպետը Հայաստանի միակ կին խոշոր գործարարին անվանել էր հոգեկան հիվանդ, իսկ տիկին Սիլվան «ժողովուրդ»-ի հետ զրույցում դեռ ուրբաթ օրն ասել էր, թե Սուրեն Խաչատրյանը «նարկոման է»:
Այս հեռակա բանավեճը թեժացել է «Մարիոթ»-ում, երբ տիկինը զրուցելիս է եղել «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանի հետ:
«Ժողոուրդ»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանի հետ է եղել նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
«Տիկին Համբարձումյանի վրա հարձակված Լիսկային կարողացել են հեռացնել ներկաները: Հայտնի է, որ Աժ պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանն այնտեղ են եղել»:
Սակայն Խաչիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ ինքը ներս է մտել այն պահին, երբ ամեն ինչ վերջացած է եղել: Իսկ Մենուա Հարությունյանն անհետ կորել է, թերթի զանգերին չի պատասխանում:
«Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը 15:30-ի սահմաններում հյուրեր է ունեցել, երբ հանկարծակի ներս է մտել Սյունիքի մարզպետը և «վրա տվել»: Տիկինը ոչ ոքի անունը չնշեց, թե ովքեր են փորձել մարզպետին հեռու տարել, բայց ասաց, որ կդիմի ոստիկանություն, որից հետո միայն հնարավոր կլինի վերցնել հյուրանոցի տեսագրությունները»:
«Մեր զրուցակիցը շատ հուզված էր և ասաց. «Բոլոր տղամարդիկ ներողություն էին խնդրում իր փոխարեն, մենք շուտով կդիմենք ոստիկանություն և տեսագրությունը կներկայացնենք: Ինքը երևի ինձ էր փնտրում, ասում են, որ անընդհատ մտել, դուրս էր եկել»:
Ի դեպ, Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին ասել էր, որ դատի է տալու գործարար կնոջը, սակայն դեռևս դատական հայց չի ներկայացրել: Տիկինը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը ևս կարձագանքի մարզպետի անշնորհք պահվածքին»,- ապա թերթը հավելում է.
«Երեկ չկարողացանք զրուցել Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նրա կողմնակիցներից տեղեկացանք, որ իրենք լուրջ կասկածներ ունեն, որ Սիլվա Համբարձումյանի թիկունքում ինչ-որ ուժ կա կանգնած, որը խնդիր է դրել մի քանի պաշտոնանկություններ ապահովել Սերժ Սարգսյանի համար, դրա համար էլ սադրում է:
ՀՀ գլխավոր դատախազությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ չի բացառվում` Լիսկայի նկատմամբ գործ հարուցվի»:
«Երկիր»-ն իր խմբագրականում այսպես է մեկնաբանում դեպքը.
«Սյունիքի մարզպետի երեկվա արարքը` հասարակական վայրում կնոջ նկատմամբ գործադրված բռնությունը, միայն նրա մարդկային տեսակով չի պայմանավորված: Դա արդյունք է անպատժելիության, ամենաթողության, տարբերակված վերաբերմունքի այն մթնոլորտի, որի պայմաններում նման բարձրաստիճան չինովնիկի այսպիսի վարքագիծը դառնում է ոչ միայն հնարավոր, այլև կանխատեսելի:
Անցած տարի նախագահը Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին ստիպեց հրաժարական տալ՝ այդ քաղաքական որոշումը պայմանավորելով վերջինիս կողմից պաշտոնյային անհարիր վարքի դրսևորմամբ: Սյունիքի մարզպետը, ում համար այլևս նվաճված է նաև հրապարակավ կնոջ վրա ձեռք բարձրացնելու «բարձունքը», մի քանի անգամ իր, իր հարազատների և շրջապատի պահվածքի համար ենթարկվել էր սուր քննադատության:
Բայց նրա գործողություններում ոչ ոք պաշտոնյային անհարիր վարքի դրսևորում չի տեսնում: Հակառակը՝ թե՛ վարչապետը և թե՛ հանրապետության ղեկավարը համառորեն շարունակում են աչք փակել ակնհայտ իրողությունների վրա: Անհասկանալի է, թե ինչ է դրանով ուզում իշխանությունը հասկացնել հասարակությանը, որի յուրաքանչյուր անդամ այս անտարբերության պոտենցիալ զոհ է:
Ակնհայտ է, որ այսօր տարբեր չինովնիկների, գործարար և նրանց հետ կապված քրեական շրջանակների նման վարքագծի համար հավասարապես պատասխանատու է նաև նրանց գոյությունը հանդուրժող իշխանությունը»:
«Առավոտ»-ը, «Կպատժվի՞ Սյունիքի մարզպետը» վերնագրի ներքո գրում է.
«Լիսկան ներս մտավ, բարևեց, Սիլվան վեր կացավ, ասաց՝ ես գնացի: Լիսկան մոտեցավ, առանց որևիցե բառ ասելու ծնկով խփեց փորին, հետո կռացավ ու սկսեց խփել դեմքին»,- երեկ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպն «Առավոտի» հետ զրույցում այսպես է պատմել ականատեսներից մեկը:
«Սիլվա Համբարձումյանը այդ հյուրանոցում հանդիպման Է եղել, մարզպետը մոտեցել է արդեն հանդիպման ավարտին: Սույն միջադեպին ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, «Մաքս-գրուպ» կոնցեռնի նախագահ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, գործարար Սամվել Սարգսյանը:
Վերջիններիս միջամտության արդյունքում Սուրիկ Խաչատրյանը հեռացել է:
Դեռ մեկ տարի առաջ Սիլվա Համբարձումյանը սկսեց խոսել մարզպետի և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ հանքարդյունաբերության ոլորտում կատարած անօրինականությունների մասին, մասնավորաբար՝ իրեն պատկանող «Լիճքվազ-Թեյի» ոսկու հանքի հետ կապված:
Ըստ գործարարի՝ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող արտադրամասից 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումներ է գողացել: Իր մեղադրանքները Սիլվա Համբարձումյանը վերահնչեցրեց նաև օրերս` մամուլի ասուլիսում՝ նախագահի սկսած բարեփոխումների ֆոնին` ակնկալով, որ կվերանայվի նաև իրեն պատկանող «Սիփան 1» ՍՊԸ-ի գործերը, և արդարությունն ի վերջո կհաղթի: Ասուլիսից հետո Սուրիկ Խաչատրյանը ցանկացել է հանդիպել Սիլվա Համբարձումյանին, երկու անգամ զանգահարել է, սակայն վերջինս չի պատասխանել այդ հեռախոսազանգերին:
Ինչպես երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմում էր տիկին Համբարձումյանը, մարզպետը փորձել Է երրորդ անձանց միջոցով պայմանավորվել, որպեսզի ինքը չշարունակի բողոքել: Բայց տիկինն ասել է, որ չի նահանջելու, չի լռելու և իր խոսքերից ետ չի կանգնելու, որ մարզպետը պետք է սարքավորման գումարը փոխանցի իրեն և հրապարակավ ներողություն խնդրի՝ «իր կեղտոտ բառերի համար»:
«Մարիոթ»-ում տեղի ունեցած միջադեպի առիթով Սիլվա Համբարձումյանն այսօր արդեն պատրաստվում է դիմել ոստիկանություն: «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ երեկ չեն դիմել, ասաց, որ ուզում է հանգիստ լինել, որպեսզի մտքերը կարողանա ճիշտ շարադրել: Նա վստահ է, որ իրավապահ համակարգը պատշաճ արձագանք կտա, բայց գտնում է նաև, որ նախագահը պետք է ի վերջո միջամտի և կարգի հրավիրի Սուրիկ Խաչատրյանին»:











































