Այսօր գիշերը մահացել է ամերիկյան բարձրաստիճան դիվանագետ, Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքը: Նա 69 տարեկան էր: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ մահը վրա է հասել աորտայի պատռվածքի հետևանքով: Նրան դեկտեմբերի 10-ին տեղափոխել էին հիվանդանոց հենց ԱՄՆ պետքարտուղարությունից, իսկ դեկտեմբերի 11-ին վիրահատել էին, թեպետ բժիշկները վիճակը ծանր էին գնահատում:
Ռիչարդ Հոլբրուքն շուրջ 50 տարի ակտիվ մասնակցություն է ունեցել ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման գործում: Նա հայտնի «Դեյթոնյան խաղաղության համաձայնագրերի» հեղինակներից է, որ ստորագրվեցին 1995 թ. և Բալկաններում վերջ դրեցին պատերազմին: 1999-2001 թթ. Հոլբրուքը ԱՄՆ դեսպանն էր ՄԱԿ-ում, իսկ Օբամայի իշխանության գալուց հետո նշանակվել էր ԱՄՆ ներկայացուցիչն Աֆղանստանում և Պակիստանում: