Երևանի դատախազությունը ստուգում է, թե որքանով է օրինական Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ամիսներ առաջ տեղի ունեցած զինված միջադեպի առիթով հարուցված քրեական գործը կարճելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով, դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանին:
Գործը քննել և կարճել է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժինը, ինչի արդյունքում Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից Աշոտ Սնջոյանը, ով հայտնի է Եզդի Աշոտ մականունով, ազատվել է քրեական պատասխանատվությունից: Վերջինս ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներից է:
Սնջոյանը մեղադրվում էր անզգուշությամբ 2 կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի լույս 15-ի գիշերը, երբ նշված համալիրում հարսանիքի ժամանակ ծագած վեճն ավարտվել էր կրակոցներով։ Արդյունքում 33-ամյա Նորայր Աթոյանը ու 25-ամյա Վերսանդ Մկրտչյանը ոտքերի շրջանում ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
Այս դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է 10 օր ուշացումով, իսկ Սնջոյանին մեղադրանք առաջադրվել է միայն դեպքից 20 օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Իսկ նոյեմբերի 3-ին արդեն գործը կարճվել է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից այս հանգամանքը բացատրել են կողմերի հաշտությամբ, ինչը ամրագրվում է Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով:
Տուժողները ևս հաստատել են, որ չեն բողոքում Սնջոյանից։
Ավան և Նոր Նորք համայնքերի դատախազությունը արդեն ստուգել է այս գործը կարճելու որոշման օրինականությունը և այն համարել է օրինական, ինչից հետո էլ վերադասության կարգով ստուգումներ է սկսել Երևանի դատախազությունը:
Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանն իրենց տարակուսանքն են հայտնել այս առիթով, քանի որ, ըստ նրանց, նմանատիպ հանցանք կատարած մեկ ուրիշն անպայման պատասխանատվության կենթարկվեր։










































