Իրանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ չնայած նրան, որ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին նախագահ Ահմադինեժադի պատգամը Սենեգալի նախագահին հանձնելու նպատակով էր գտնվում Սենեգալում, Ահմադինեժադի կողմից հեռացվել է պաշտոնից:
Որոշ տեղեկությունների համաձայն` Մոթաքիի պաշտոնանկության գլխավոր դրդապատճառն եղել է այն, որ Մոթաքին բազմիցս ընդդիմացել է երկրի նախագահին և մասնավորապես դիվանագետներ նշանակելու վերջինիս պահանջներին:
Այս տարվա օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների ընթացքում Ահմադինեժադն անձամբ փորձել էր մի քանի դեսպան եւ դիվանագետ նշանակել մի շարք երկրներում, ինչը եւ մերժվել էր ԱԳ նախարարության կողմից: Մոթաքին նախագահ Ահմադինեժադի նմանօրինակ ցանկությունները համարում էր միջամտություն ԱԳ նախարարության ներքին գործերին: Լուրեր են շրջանառվում, որ Ահմադինեժադը պատրաստվում էր ստեղծել մի կառույց, որը նախագահի անունից պետք է վերահսկեր նախարարության գործնեությունը:
Հիշյալ անհամաձայնությունը լուծվեց երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլա Խամենեիի միջամտությամբ: Այդ միջամտությունից անմիջապես հետո նախագահական կայքում հրապարակվեց մի լուր, որի համաձայն` երկրի նախագահ Ահմադինեժադը թվով վեց դիվանագետների է նշանակել` Մերձավոր Արեւելքի, Լատինական Ամերիկայի, Կասպից ծովի, Ասիայի, Աֆղանստանի ու Աֆրիկայի երկրներում: Մոթաքին համաձայն չէր այդ նշանակումների հետ, ինչի պատճառով էլ պաշտոնանկ արվեց նախագահի կողմից: