«Հանրապետություն» կուսակցության գրասենյակում գողություն է կատարվել: Գողացվել են կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի համակարգչի մոնիտորը, արբանյակային ալեհավաքի կոդազերծման սարքը, մինչդեռ դարակում դրված 16 հազար դրամին ձեռք չեն տվել, որն էլ Զեյնալյանին հիմք է տալիս կարծելու, որ նրանք ինչ-որ բան են փնտրել: Մեզ հետ զրույցում Արտակ Զեյնալյանը նշեց, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրվանից սկսած մինչև այսօր ժամը 12-ը: Նշենք, որ այդ ժամանակահատվածում Արտակ Զեյնալյանն ու կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գտնվել են Միացյալ Նահանգներում:
«Գողություն, հանցագործություն է կատարվել, բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվել, (կուսակցության գրասենյակը բնակարան է), դա ոտնձգություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքի, մասնագիտական գործունեության դեմ: Սա թվով 3-րդ դեպքն է, որն ուղղված է իմ դեմ: Կարծում եմ դրանք նույն շարքից են»,-նշեց պարոն Զեյնալյանը:
Նրանք դիմել են ոստիկանություն, և ոստիկանությունը զբաղվում է այս գործով:
Հիշեցնենք, որ Զեյնալյանը վերջին շրջանում դատարանում ներկայացնում էր Չարենցավանի ոստիկանությունում սպանված Վահան Խալաֆյանի հարազատների շահերը: