Երեկ համացանցում տարածվեց մի տեսանյութ, որը պատմում էր նախորդ օրը Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգի մասին: Ավելի ճիշտ՝ համերգի այն դրվագի, երբ ելույթ էր ունենում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սարգսյանը մասնակցում էր երիտասարդության օրվա կապակցությամբ ՀՀԿ կազմակերպած համերգին: Եվ այդ համերգի ժամանակ Սարգսյանը ելույթ է ունեցել: Ո՛չ, խոսքն ամենևին երաժշտական ելույթի մասին չէ: Նա ողջույնի ելույթով դիմել է երիտասարդներին` նրանց խոստանալով լավ տրամադրություն, հաղթանակներ շախմատում, ֆուտբոլում և հայտարարելով, որ այդ պոտենցիալը դահլիճում է: Ըստ երևույթին, Տիգրան Սարգսյանը դահլիճում շատ բան է տեսել, այսինքն` նրա աչքին շատ բան է երևացել, քան կա:
Բանն այն է, ինչպես երևում է տեսանյութում, որ Տիգրան Սարգսյանի ելույթը թողել է ակնհայտորեն գինովցած մարդու ելույթի տպավորություն: Վարչապետը թե՛ խոսել է իր համար անսովոր ծորացող և պաթետիկ տոնայնությամբ, թե՛ նաև բառերն ու հնչյունները տեղ-տեղ կուլ տալով, ինչը ևս Տիգրան Սարգսյանի համար աննախադեպ է: Հազիվ թե նա այդ բանն աներ հուզմունքից, որովհետև վարչապետն առավել հուզիչ ամբիոններից է ելույթներ ունեցել և առաջին անգամ չէ, որ խոսափողին էր մոտենում: Ահա այդ ամենը ստիպում է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանը երիտասարդության օրվա կապակցությամբ պարզապես բարձր տրամադրության մեջ էր, ինչին օգնել էր որևէ ոգելից խմիչք:
Այստեղ, իհարկե, դատապարտելի ոչինչ չկա, որովհետև մարզահամերգային համալիրում եղել է «մենք ենք, մեր սարերը» վիճակ՝ Տիգրան Սարգսյան, ՀՀԿ երիտասարդներ, Թաթայի համար ուշաթափվող երիտասարդներ և Թաթա: Մի խոսքով, կորպորատիվ մի հավաքույթ, որը, սակայն, չգիտես ինչու լուսաբանվել էր հեռուստատեսություններով: Այնպես որ, մեղավորը վարչապետը չէր, եթե գինովցած էր այդ կորպորատիվ հավաքույթներին, այլ այն հեռուստաընկերությունները, որոնք լուսաբանում են այդ ներկուսակցական կորպորատիվները: Եվ մեկ էլ, ըստ էության, հասկանալի է, թե ինչու է վարչապետը ելույթ ունենում երևի թե մի փոքր գինովցած:
Դա խոսում է Տիգրան Սարգսյանի պարկեշտության և խղճի մաքրության մասին էլ: Պարզապես այն բովանդակությամբ ելույթները, որ նա ունենում է և թերևս ստիպված է լինելու ավելի հաճախ ունենալ պայծառ ապագայի, հուսադրող ներկայի, զարգացող և աճող կյանքի մասին, պարկեշտ, խղճով մարդը երևի թե հազիվ ունակ լինի արտասանել լուրջ վիճակում և խղճի խայթ չզգալ: Այնպես որ, հասկանալի է, թե ինչու էր վարչապետը գինովցած ելույթ ունենում: Ի դեպ, երևի թե նրա օրինակին պետք է դիմեն ելույթի պատրաստվող բոլոր ազնիվ հանրապետականները:











































