Ադրբեջանական Vesti.az-ը, վկայակոչելով ամերիկյան հանրահայտ FOX 11 օնլայն հեռուստաալիքին, հայտնում է, որ կիրակի օրը ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարելու են դավադրության բացահայտման մասին, որի մասնակիցները քաղաքական սպանություններ են պլանավորել մի շարք երկրներում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում։
Նշվում է, որ, ըստ Հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI), այդ դավադրության ղեկավարը Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն է, որի գործակալները փորձել են մեքսիկական նարկոբարոնների օգնությամբ ներթափանցել ԱՄՆ։ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը քաղաքական սպանություններ է պլանավորել նաև Սաուդյան Արաբիայում, Ադրբեջանում, Թուրքիայում և Իրաքում։
Իրանական կողմը հերքում է այս ամենը՝ ընդգծելով, որ դա ամերիկյան հատուկ ծառայությունների հնարանքն է։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ էլ ԱՄՆ-ն Իրանի հատուկ ծառայություններին մեղադրել էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։