BBC-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան, պատասխանելով լրագրողների հարցերին, զգուշացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների անկանխատեսելի հետևանքների մասին.
«Տվյալ հարցում պետք է զգուշանալ անկանխատեսելի հետևանքներից։ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են լրջորեն ազդել տարածաշրջանի, այդ թվում՝ նաև տարածաշրջանում գտնվող ԱՄՆ զորքերի վրա։ Իրանին ռազմական հարվածը կարող է միայն առավելագույնը 3 տարով հետաձգել նրա միջուկային ծրագիրը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մանրակրկիտ կշռադատենք։
Մեզ համար կարևոր է, որ Իրանի նկատմամբ սահմանել ենք կոշտ պատժամիջոցներ (տնտեսական, դիվանագիտական ճնշում), որպեսզի փոխենք Իրանի ղեկավարության պահվածքը։ Մենք բանակցություններ ենք վարում մեր դաշնակիցների հետ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրով»։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը ԱԷՄԳ-ը հրապարակել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր զեկույցը, որում նշել էր, որ մինչև 2003 թվականը Իրանը զբաղված է եղել միջուկային զենքի ստեղծմամբ, և որ աշխատանքները կարող են վերսկսվել նաև հիմա։