Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Մայքլ Ջեքսոնի հետմահու ալբոմը, որը կրում է «Մայքլ» անվանումը, կթողարկվի երկուշաբթի օրը: Ալբոմը «փոփ երաժշտության արքայի» առաջին և նախկինում չթողարկված երգերի հավաքածուն է` մոտ 10 տարի առաջ` 2001 թ. թողարկված «Անհաղթ» («Invincible») ալբոմից հետո:
«Sony music» ընկերությունը, որը թողարկել է այս ալբոմը, նշել է, որ ալբոմի հիմքում ընկած են երաժշտի «սևագիր» նյութերը: Մինչև երգչի մահը` 1.5 տարի առաջ, աշխատանքները երգերի վրա դեռ չէին ավարտվել: Սակայն ստուդիայի ներկայացուցիչների խոսքերով, մնացյալ ձայնագրությունները ավարտված էին, այդ իսկ պատճառով ալբոմը կարելի էր պատրաստել թողարկման` չնայած երգչի կյանքից հեռանալու հանգամանքին:
Նոյեմբերի 8-ին համացանցում տեղադրվել է այս հավաքածուի երգերից մեկը` «Վերջին լուրերը» անվանումով: Նրանում խոսվում է մասսայական լրատվամիջոցների կողմից Մայքլ Ջեքսոնի կյանքի սենսացիոն փաստերը ուռճացնելու մասին: Երգի հայտնվելն ինտերնետում նոր վիճաբանությունների առիթ է տվել: Հոր` Մայքլ Ջո Ջեքսոնի փաստաբանն իր հաճախորդի անունից ասել է, որ երգիչը չէր ցանկանում, որպեսզի իր անավարտ գործերը թողարկվեին ալբոմի տեսքով: «Եթե Մայքլը ցանկանար թողարկել այդ երգը, նա կաներ դա մահվանից առաջ», – հայտնել փաստաբան Բրայան Օքսմենը:
Ամերիկյան աշխարհիկ խրոնիկայի կայքերից մեկը գրել է, որ Մայքլ Ջեքսոնի մայրը` Քեթրինը, և նրա երեխաները` ավագ որդին` Պրինսը և դուստրը` Պերիսը, կարծում են, որ ալբոմի որոշ երգերում Մայքլ Ջեքսոնի ձայնը չէ: «Sony music» ընկերությունը հերքել է այդ լուրերը: Ընկերությունը հայտարարել է, որ իրենք վստահում են փորձաքննության արդյունքներին, որոնք վկայում են, որ նոր ալբոմում տեղ գտած վոկալային հատվածները պատկանում են Մայքլին: