Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի «Կենսամատենագիտություն» գրքի շնորհանդեսը:
Գիրքը լույս է տեսել ազգային գրադարանի նախաձեռնությամբ: Այն ներկայացնում է գրողի անցած ճանապարհի մատենագիտությունը:
«Սա իմ ամբողջ անցած ճանապարհն է. իմ մասին ինչ են գրել, ես ինչ եմ գրել: Գիրքը հայելի է ընթերցողի համար, կարդում է և իրեն է տեսնում այնտեղ»,- լրագրողների հետ զրույցում կիսվեց Պերճ Զեյթունցյանը:
«Պերճ Զեյթունցյանը ժամանակակից ամենանշանավոր արձակագիրներից մեկն է: Նա առանձնանում է իր ստեղծագործական ձեռագրով, ոճով, լեզվամտածողությամբ»,- նշեց Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը:
«Կենսամատենագիտությունը» հասցեագրված չէ ընթերցողների լայն շրջանակի: Գրքում Պերճ Զեյթունցյանը ներկայացված է հնարավորինս ամբողջական. իր կենսագրությամբ, իր մասին գրված հոդվածներով, ստեղծագործություններով:
«Մենք փորձել ենք ներկայացնել արձակագրի ստեղծագործությունները, Պերճ Զեյթունցյան մարդուն»,-ավելացրեց պարոն Սարգսյանը: