Այսօր` նոյեմբերի 10-ին, Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը «Եվրո-2013»-ի ընտրական փուլի շրջանակներում Չեխիայի ազգային հավաքականի դեմ վաղը կայանալիք մրցավեճից առաջ տվեց նախախաղային մամլո ասուլիս:
Ռաֆայել Նազարյանը ասաց. «Նախապատրաստական փուլը լավ է անցել, մտահոգող ոչ մի հարց չկա: Ֆուտբոլիստների մարզավիճակից ընդհանուր առմամբ գոհ եմ: Իսկ Արազ Օզբիլիսը թիմին չի միացել վնասվածքի պատճառով»:
Խոսելով մրցակցի մասին` մարզիչը նշեց. «Մրցակցի կազմում 2 փոփոխություն կա, մյուսներին ճանաչում եմ: Թիմը շատ մոբիլ, կարգապահ և կազմակերպված է: Այս խաղում ֆավորիտը Չեխիան է, սակայն ֆավորիտները ոչ միշտ են հաղթում, մեր տղաները արդեն համոզվել են, որ նրանց կարելի է հաղթել»:
Ռաֆայել Նազարյանը հայտնեց, որ մեր թիմը պատրաստ է առաջիկա դիմակայությանը. «Տղաները գտնվում են ֆիզիկական և հոգեբանական լավ վիճակում: Վաղը փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Այժմ ես միայն մտածում եմ առաջիկա հանդիպման մասին: Վերջնական արդյունքի մասին մտածելը վաղ է: Բացի չեխերի հետ խաղից, մենք առջևում դեռ 4 խաղ ունենք անցկացնելու»: