Խոսքի ազատության առնչությամբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում խոսքի ազատությունը ճնշված է 58,64 տոկոսով, ինչը վկայում է, որ մասամբ ազատ է, մասամբ՝ ոչ: Սոցիոլոգ Վարդան Գևորգյանը ավելացրեց, որ իրավական դաշտում մեր ԶԼՄ-ների ազատությունը 15,5 տոկոս է, իսկ Freedom House-ի չափանիշներով առավելագույն ցուցանիշը 30 տոկոս է: Քաղաքական առումով առավելագույն ցուցանիշը 40 տոկոս է, իսկ հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում այդ առումով 22,83 տոկոս է։ Տնտեսական առումով, որի առավելագույն ցուցանիշը 30 տոկոս է, Հայաստանում 20,51 տոկոս է։ Իսկ ընդհանուր ցուցանիշը 58,64 է: Մեկնաբանելով տնտեսական ազատության իրավիճակը` Աշոտ Մելիքյանը ասաց, թե դա պայմանավորված է նրանով , որ Հայաստանում լրատվամիջոցները ֆինանսապես ապահոված չեն և շատ հաճախ փորձում են իրենց ֆինանսական հնարավորությունները լրացնել այլ կազմակերպությունների կամ քաղաքական գործիչների միջոցով: