Միսիսիպի բնակիչները հանրաքվեի արդյունքում մերժել են օրինագիծը, որով արհեստական վիժումը համարվելու էր անօրինական գործընթաց:
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, վերջին տվյալներով՝ օրինագծի դեմ է քվեարկել նահանգի բնակիչների 59 տոկոսը:
Նախագիծը սահմանում էր, որ մարդու կյանքը սկսվում է բեղմնավորման պահից: Եթե այն ընդունվեր, ապա արհեստական վիժումը փաստացի կհավասարեցվեր մարդասպանության հետ:
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, եթե օրինագիծը հանրաքվեի արդյունքով ընդունվեր, հավանական էր, որ այն բողոքարկվեր: Այն հակասում էր ԱՄՆ Գերագույն դատարանի 1973 թվականի որոշմանը, որով կանանց թույլատրվում էր դիմել արհեստական վիժման:
Վիժման մասին հարցը ամերիկյան քաղաքականության կարևորագույն խնդիրներից է: Հանրապետականները հիմնականում արհեստական վիժման հակառակորդներ են, իսկ դեմոկրատները` կողմնակիցներ։